
Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի հարակից չորս երկրներում տեղի ունեցան խորքային սոցիալ-քաղաքական գործընթացներ, որոնք էական ազդեցություն թողեցին այդ պետություններում կրոնի եւ ազգայնականության սերտաճման եւ պահպանողականության վերելքի վրա: Այդ իրողությունները կերպափոխեցին հանրային խոսույթը՝ առաջ մղելով աջ եւ ձախ պոպուլիզմին բնորոշ քաղաքական ու գաղափարական հոսանքներ, ծայրահեղականություն, հակաարեւմտականություն, բազմամշակութայնության դեմ պայքար:
«Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում (Թուրքիա, Իրան, Ադրբեջան և Վրաստան). ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» գիտական ծրագիրը նպատակ ունի հետազոտել Հայաստանի Հանրապետությանը հարակից երկրներում կրոնի եւ ազգայնականության համադրումը ծնող ներքաղաքական ու աշխարհաքաղաքական պատճառները, քննել այդ գործընթացները սնող եւ ուղղորդող գործոնները, ընթացքը, քաղաքական ու հասարակական դրսեւորումները եւ հետեւանքները: Հումանիտար գիտություններում կիրառվող հետազոտական մեթոդների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման համադրմամբ Հայաստանի հարակից երկրներում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների ու հանրային խոսույթի փոփոխության ու միտումների վերլուծությունը էապես կփոխի այդ ոլորտի արդի վիճակը եւ բեկումնային ազդեցություն կունենա նոր հետազոտական դպրոցի ձեւավորման գործում:
Հետազոտական ծրագիրը ունի ընդգծված գիտակիրառական նշանակություն։ Իսլամի և ազգայնականության համադրության և դրա առանձնահատկությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հասկանալու Մեծ Մերձավոր Արևելքի քաղաքական և սոցիալ-մշակութային զարգացման դինամիկայի հիմնական օրինաչափություններն ու առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության հարևանությամբ իսլամական տրամադրությունների ուսումնասիրությունը բացառիկ կարևոր է հասկանալու համար Հայաստանին շրջապատող կենսատարածքի ողջ քաղաքական անատոմիան։ Հարավային Կովկասում իսլամի և ազգայնականության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հասկանալ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրողությունների ողջ խճապատկերը, արտաքին կրոնական ուղղակի և անուղղակի ներթափանցումների մեխանիզմները, դրանց միջև առկա հակասությունների ու ընդհանրական շահերի առկայությունը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում՝ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ 21AG-6A081 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում: