Թյուրքագետ Վարուժան Գեղամյան, պ.գ.թ.,
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ
«Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրությունների հիմնադրամը» (TEPAV) օրերս հրապարակել է 2020 թ. Թուրքիայում անցկացված մեծամասշտաբ սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Թուրքիայի 49 նահանգում ավելի քան 7000 հոգու ընտրանքով իրականացված հարցումը գերազանցապես վերաբերում է կրոնի և դրան առնչվող հարցերին։ Զեկույցում 2020 թ. արդյունքները ներկայացվում են 2016 թ. անցկացված նմանատիպ հարցման արդյունքների հետ համեմատությամբ։
Ըստ հետազոտության հեղինակների՝ հարցման արդյունքները վկայում են, որ կրոնը (իմա՝ իսլամը) Թուրքիայում ավելի շատ մշակութային իրողություն է, քան բուն ինստիտուցիոնալ կրոնական։ Զեկույցից երևում է, որ հատկապես երիտասարդության շրջանում նվազել է կրոնական պրակտիկաների (ամենօրյա աղոթքներ, պահք պահել, գլխաշոր կրել և այլն) կատարումը։
Ստորև ներկայացնեմ զեկույցից մի քանի հետաքրքիր արդյունքներ:
«Որքա՞ն կարևոր է կրոնը ձեր կյանքում» հարցին հարցվածների ճնշող մեծամասնությունը պատասխանել է, որ կարևոր է (43%-ը՝ շատ կարևոր է, 42%-ը՝ կարևոր է) և միայն 5%-ն է պատասխանել, որ «կրոնը անկարևոր է»։

Կրոնի կարևորությունը, ըստ հարցման արդյունքների, գրեթե նույնն է էթնիկ թուրքերի և քրդերի շրջանում (քրդերը մի փոքր ավելի շատ են կարևորում կրոնի դերը)։

«Թվեք այն երեք հատկանիշները, որոնք դուք կուզենայիք, որ ձեր երեխան ունենար» հարցի պատասխաններում առաջին տեղը զբաղեցնում է «բարոյականությունը» (88,5 %-ը նշել է այս հատկանիշը), ապա «հայրենասիրությունը» (79,58%) և «հավատացյալ լինելը» (65,44%)։

Շատ ավելի քիչ մարդ է գլխաշոր կրում։ Գլխաշոր կրողների թիվը 2016 թ. համեմատ 7%-ով նվազել է՝ կազմելով 54%։

Որոշակի անկում կա նաև Ռամադանի ամսվա ընթացքում պահք պահողների թվում։

Նվազել է նաև ամենօրյա 5-անգամյա աղոթք անողների թիվը։

Կրոնական գիտելիքի աղբյուրը հարցվածների մեծամասնության համար ընտանիքն է (63,46%), ապա ինքնակրթությունը և նոր միայն Թուրքիայի կրոնական հարցերի տնօրինությունը (Diyanet İşler Başkanlığı)։

Իսկ կրոնական գիտելիքի ամենավստահելի աղբյուր անձը, ըստ հարցվածների, համարվում է կրոնագետ Նիհաթ Հաթիփօղլուն։
